Եգիպտոսում վիրավորված ՀՀ քաղաքացիներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը՝ դուրս կգրվի. Տիգրան Բալայան

12:50 • 15.07.17

Հուլիսի 14-ին Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձինք հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը գտնվում է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, մյուսը՝ դուրս կգրվի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Տուժածներից մեկը դեռևս գտնվում է Հուրգադա քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, մյուս տուժածին շուտով դուրս կգրեն: Դեսպանությունը կապի մեջ է և անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերում տուժած ՀՀ քաղաքացիներին»,–ա ասաց նա:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձինք հարձակում են իրականացրել զբոսաշրջիկների վրա: Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է: Բացի այդ, 4 այլ զբոսաշրջիկ վիրավորվել է, որից երկուսը ՀՀ քաղաքացի:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ–ն թվիթերյան էջում արված գրառմամբ տեղեկացրեց, որ «Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»։


Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ: