Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի աճյունասափորը ծովն են իջեցրել (լուսանկարներ)

20:03 • 15.07.17

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյի աճյունասափորը ծովն են իջեցրել: Այդպիսին է եղել նրա հարազատների կամքը: 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, լյարդի քաղցկեղից մահացած Լյու Սյաոբոյի մարմինը դիակիզել են շաբաթ առավոտյան Շենյան քաղաքում: 

Դիակիզմանը նախորդել է հրաժեշտի արարողությունը, որին ներկա են գտնվել միայն այլախոհ չինացու ընկերներն ու այրին, որը 2010 թվականից տնային կալանքի տակ է գտնվում: 

Իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ «Լյու Սյաոբոյի մարմինը դիակիզվել է տեղի ավանդույթների և ընտանիքի ցանկության համաձայն»: Հրաժեշտի արարողության ժամանակ հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»: 

Հիշեցնենք, որ 2010 թվականի նոբելյան դափնեկիրը մահացել է հուլիսի 13-ին` 61 տարեկան հասակում: