Վենեսուելայի նախագահը բարձրացրել է ուժայինների աշխատավարձը 80 տոկոսով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 80 տոկոսով բարձրացրել է Բոլիվարյան ազգային ոստիկանության ուժայինների աշխատավարձը՝ երկրում անկարգությունների ֆոնին, այս մասին հայտնում է El Nacional-ը:
Այդ նպատակով երկրի բյուջեից կտրամադրվի 178 մլրդ բոլիվարին համարժեք գումար:
Հայտնի է, որ ևս 4,4 մլրդ կհատկացվի Անսոատեգի, Տաչիրա և Լառա նահանգներում ոստիկանական վարչությունների կառուցմանը:
Բացի այդ՝ կբարձրացվի նաև շարքային ոստիկանների աշխատավարձը՝ և՛ քաղաքային, և՛ նահանգային ոստիկանություններում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադուրոն տարվա մեջ արդեն երրորդ անգամ բարձրացրել է նվազագույն աշխատավարձի չափը:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշել է սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ է հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը:










