Թուրքիայում որոշ եզրույթների կիրառումը արգելող օրինագծի ընդունումը բերելու է հակազդեցության. քննարկում (տեսանյութ)
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ու միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձան Թուրքիայի Միլլի մեջլիսում «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» եզրույթների օգտագործումն արգելող օրինագծին և դրա հետևանքներին:
Մուշեղ Խուդավերդյանն ասաց, որ վերջին ամիսներին Թուրքիան արտաքին և ներքին ճգնաժամերի առաջ է կանգնած և բացի այն, որ թուրք-քրդական բախումներն են սրվել, ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր սրացման փուլում են, Թուրքիայի ներսում ևս այդ իրավիճակն է: Նա նկատեց, որ անգամ վերջին ամիսներին հաճախակիացել են վիրավորանքները պատգամավորների միջև:
«Ըստ նախագծի՝ պատգամավորներին արգելվում է թուրքականությունը վիրավորող որոշակի արտահայտություններ և այս նախագիծը շատ նման է Թուրքիայի Սահմանադրության 301 հոդվածին, որն արգելում է այնպիսի արտահայտություներ, որոնք վիրավորում են թուրքական ազգը, և միաժամանակ արգելում է Հայոց Ցեղասպանությունը և «Քրդստան» եզրույթները կիրառել»,-ասաց նա։
Թուրքագետը նկատեց, որ վերջին ամիսներին շատացավ այն երկրների քանակը, որոնք ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը, և այն ավելի քննարկվող թեմա է դարձել հենց Թուրքիայի ներսում: Թուրքագետն ասաց, որ Եվրամիությունն արդեն արձագանքել է օրինագծին և նշել, որ ժողովրդավարական տեսանկյունից քանի քայլ հետ է և կվնասի ԵՄ-ի հետ բանակցություններին:
Արա Ղազարյանն ասաց, որ սա հին պատմություն է՝ նոր դրսևորումներով: Նա, մեջբերելով Լապշինի հետ կապված գործը, նշեց, որ «մեծ եղբայրը հետևում է փոքր եղբորը»: «Դատարանները չափազանց լայն կկիրառեն այս օրենքի դրույթները: Սա բերելու հակազդեցության, եվրոպական դատարան նոր գործերի, քննադատության հենց թուրքիայի ներսում»,-ասաց նա և ավելացրեց, որ Սահամանադրության համապատասխան դրույթի շարունակությունն է այս օրենքի նախագիծը:
Իրավաբանը նշեց, որ Եվրամիության համար մարդու իրավունքների բլոկը, խոսի ազատ արտահայտումը շատ կարևոր է և ԵՄ-ն դեմ կլինի այս նախագծին: «Ազատ արտահայտության վերաբերյալ ամենաշատ վճիռները հենց Թուրքիայի դեմ են կայացվում: Հուսով եմ, որ հարյուր հազարավոր մարդիկ բանտ չեն նետվի այս օրինագծի պատճառով»,-ասաց նա և նշեց, որ վերջին մեկ տարվա քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի շատ է ավտորիտար երկրի վերածվում:










