Կուբայի առաջնորդը քննադատել է ԱՄՆ-ի նոր իշխանություններին՝ չբացառելով նոր երկխոսությունը

11:00 • 15.07.17

Կուբայի պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն քննադատել է ԱՄՆ-ի նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությունն իրենց հանդեպ՝ միևնույն ժամանակ երկխոսության շարունակման պատրաստակամություն հայտնելով:


Նշենք, որ դեռևս հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում է նախորդ իշխանության «սխալ» քաղաքականությունը, որը հայտարարել էր Հավանայի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Սպիտակ տնից հայտնել էին, որ կպահպանեն Կուբայի նկատմամբ սահմանված բռնարգելքը և դեմ են ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների՝ այն չեղարկելու կոչերին:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, ըստ Կուբայի առաջնորդի՝ ԱՄՆ իշխանությունները բոլորովին հաշվի չեն առնում կուբացի ներգաղթյալների՝ Կուբայի հանդեպ կիրառվող բռնարգելքի չեղարկման գաղափարին ցուցաբերած լայն աջակցությունը:


«Հյուսիսամերիկյան կառավարությունը որոշել է խստացնել շրջափակումը՝ նոր արգելքներ մտցնելու միջոցով՝ նոր միջոցառումները բացատրելով «սառը պատերազմի» ժամանակների թշնամական հռետորաբանության օգտագործմամբ»,- ասել է նա։


Սակայն կուբացի առաջնորդը նշել է, որ իրենք պատրաստ են երկխոսության: «Անկախ նրանից, թե ինչ կանի ԱՄՆ-ն՝ մենք կշարունակենք քայլել մեր ընտրած ճանապարհով», - ասել է Կաստրոն: