Խառը մարտարվեստների մարտիկը մահացել է մենամարտից հետո
Խառը մարտարվեստների մարտիկ Դոնշեյ Ուայթը, որը հանդես էր գալիս սիրողական մակարդակում, մահացել է Ռիկի Մյուզի դեմ մենամարտի ժամանակ ստացած հարվածների հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, մենամարտն անցկացվում էր ԱՄՆ-ի Լյուիսվիլ քաղաքի Hardrock MMA 90 մրցաշարի շրջանակներում:
Երկրորդ ռաունդում Մյուզը մի շարք դաժան հարվածներ է հասցրել Ուայթին, ինչից հետո մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը: Դոնշեյին անհապաղ բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նա կարողացել է ոտքի կանգնել և գնալ իր անկյունը, սակայն ճանապարհին կորցրել է գիտակցությունն ու ընկել:
Ուայթին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերջինս, ուշքի չգալով, մահացել է:
Մինչ այս Դոնշեյն իր վերջին մենամարտն անցկացրել էր 2015-ի նոյեմբերին:










