Տանջում են եղբորս՝ արհամարհելով մարդու իրավունքների միջազգային նորմերը․ Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով Գալուստյանի քույր
Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը բողոքում է՝ եղբորը բանտում հուլիսի 3-ից մինչ օրս բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց՝ իրեն այդ մասին ասել է եղբայրը:
«Եղբայրս դիմել է մեկուսարանի աշխատակցին, որ նրան բժիշկը նայի և բուժում նշանակի, քանի որ շատ են ցավում նրա արմունկները, նա գիշերները չի կարողանում քնել,- ասաց նա:
Մարիանա Միրզոյանը պատմեց, որ հուլիսի 11-ին եղբորը ներկայացրել են մեկուսարանի բժիշկին, ով անգամ չի զննել, միայն լսել է եղբոր բողոքները և ասել, որ նրան քսուք կնշանակի,-հետո, կարծես թե, նա մոռացել է այդ մասին: Ամեն ինչ դրանով ավարտվել է․ օգնությունը ցուցաբերվեց, հիվանդն առողջ է»:
Քրոջ խոսքով՝ Մարատ Ուելդանով-Գալուստյանը հուլիսի 3-ին խնդրել է նաև հոգեբանի օգնություն և նորից իր խնդրանքը չի կատարվել:
«Փաստացիորեն տանջում են նրան: Մեկուսարանի աշխատակիցները շարունակում են նախկինի պես արհամարհել եղբորս բոլոր դիմումները, դժգոհությունները և խնդրանքները՝ այդպիսով արհամարհելով նաև մարդու իրավունքների միջազգային նորմերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:
2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:










