Մեր ԱԺ խոսնակը կարող է ՌԴ պետդումայի խոսնակին առաջարկել, որ հայերենը պետական լեզու դառնա Ռուսաստանում․ Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հիշեցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի (նախարարի) անդամ Տատյանա Վալովայան է ասել, որ այն ռուս պաշտոնյան, որը կասի՝ Հայաստանում ռուսերենը պետք է դառնա պետական լեզու, հիմար է:
Նա Tert.am-ի հետ զրույցում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը՝ Հայաստանում ռուսերենը դարձնել պետական լեզու, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները, նորմալ համարեց:
«Ցանկացած երկրի չինովնիկ կարող է ինչ-որ բան առաջարկել՝ մտածելով, որ դա իր երկրի շահերից է բխում՝ խոսնակ լինի, նախագահ, թե վարչության պետ, իրենց երկրի շահն է, թե ինչպես են նրանք իրենց շահերն առաջ ցանկանում տանել: Այստեղ կարևոր է, թե դու ինչպես ես պատասխանում այդ առաջարկին, դու ինչ ես առաջարկում»,- նշեց նա:
Թևան Պողոսյանի խոսքով՝ մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանն ունի «Լեզվի մասին օրենք» և գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է դրա պահպանումը: «Մենք պետք է օրենքից բխող գործողություններ անենք, ոչ միայն տարածենք և պահպանենք հայոց լեզուն, այլ նաև թույլ չտանք, որ որևէ մեկը ինչ-որ ձևով վնաս պատճառի լեզվին»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է գիտակցենք, որ եթե մեզ նման առաջարկներ են անում, մենք էլ այլ առաջարկներով պետք է հանդես գանք: «Ժամանակին, երբ ես Ազգային ժողովում էի, տեղի էր ունենում հանդիպում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև, հարց բարձրացրի, որ նույն ԵԱՏՄ-ն օգտագործի Եվրամիության մոդելը, որտեղ միության յուրաքանչյուրի երկրի լեզու դառնում է պետական, կարելի էր փաստաթղթեր թարգմանել, և այլն, դրա համար յուրաքանչյուր եվրոպացի հարկ էր վճարում: Օգտագործեք այդ մեթոդը, որպեսզի ոչ մի երկրի լեզվին վնաս չտաք: Առաջարկներ եղել են, բայց, քանի որ հիմա դրանք չեն լինում, դրանց մասին չեն խոսում, չեն կռվում, այսպես է ստացվում»,- ասաց նա:
ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ Հայաստանը, որը ստորագրել է ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագիր, պետք է ցանկացած խնդրի դեպքում դիմի այդ կազմակերպությանը, որ իր շահերն այդտեղ պաշտպանվեն:
«Պետք է ասվի՝ ա՛յ ԵԱՏՄ, դա քո խնդիրն է, որ այնպիսի օրենքներ չընդունվեն, որ աշխատաշուկային վնասեն: Հիմա, եթե մենք այդպես չենք աշխատում, բնականաբար ով ինչ կուզի, կառաջարկի: Մե՛նք պետք է գիտակցենք՝ ինչ առաջարկենք: Պետդումայի խոսնակն է առաջարկել, մենք էլ ունենք Ազգային ժողով, մեր Ազգային ժողովի խոսնակը ոնց, որ թե պակաս չէ նրանից ո՛չ իր տարիքով, ոչ էլ իր մասնագիտական և մտավոր ունակություններով: Նա կարող է առաջարկ անել՝ նույն հայերենը պետական լեզու դառնա Ռուսաստանում»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը, անդրադառնալով նրան, թե ուր կտանեն ռուս չինովնիկների՝ ռուսերենը ՀՀ-ում պետական լեզու դարձնելու մասին հայտարարությունները և այստեղ դրանց հետ կապված անընդհատ աճող դժգոհությունը, նշեց․
«Ես, որպես Հայաստանի քաղաքացի, ավելի շատ կցանկանայի դիմել Հայաստանի կառավարությանը․ դուք գնացել, միացել եք այդ միությանը, երկու տարուց ավելի է, մեզ համոզում եք, որ դա չգիտեմ ինչ է տալու, որտե՞ղ են Ձեր գործողությունները: Հայաստանը, եթե մի բան պետք է անի, ապա պետք է անի՝ իր սեփական շահերից ելնելով, եթե այդպիսի քաղաքականություն չենք վարում, ապա ես ցավում եմ դրա համար: Հիմա Հայաստանը պետք է ամբողջությամբ զբաղվի իր լեզուն պաշտպանելու գործով և թույլ չտա, որ այն վնասեն: Իսկ եթե դրա դիմաց ինչ-որ բան ենք կորցնելու, պետք է պատրաստ լինենք այդ կորուստներին»:










