Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման ժամանակ Իսրայելի շահերը հաշվի են առնվել. Լավրով

18:06 • 17.07.17

Ռուսաստանը և ԱՄՆ-ն արել են ամեն ինչ, որպեսզի Իսրայելի շահերը հաշվի առնվեն Սիրիայի հարավում անվտանգության գոտիների ստեղծման ժամանակ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լարովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում հրադադարի մասին համաձայնագրին, որը ձեռք են բերել ԱՄՆ-ն և Ռուսաստանը, քանի որ այն «հավերժացնում է» այդ երկրում «իրանական ներկայությունը»:


«Ես չգիտեմ՝ ինչ է կոնկրետ ասել Բենյամին Նեթանյահուն, բայց մենք արդեն հայտնել ենք, այդ թվում՝ երբ հայտարարում էինք ռուս-ամերիկա-հորդանանյան հանդիպման արդյունքներով անվտանգության գոտիների ստեղծման մասին, որ մենք անցկացրել ենք նախապատրաստական աշխատանք բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում և Իսրայելի հետ: Այնպես որ ելնում ենք նրանից, որ իսրայելցի գործընկերները հիանալի տեղեկացված են այն մասին, թե ինչի մասին է եղել պայմանավորվածությունը: Եվ կարող եմ երաշխավորել, որ մենք արել ենք ամեն ինչ, և ամերիկյան կողմն արել է ամեն ինչ, որ Իսրայելի անվտանգության շահերը լիովին հաշվի առնվեն»,- ասել է Լավրովը: