Ժորժ Քեփենեկյանն այսօր հավանաբար կդառնա Լիոնի նոր քաղաքապետ. լրատվամիջոցներ
Այսօր՝ հուլիսի 17-ին տեղի ժամանակով ժամը 17-ին Լիոնի քաղաքային խորհուրդը որոշելու է քաղաքի նոր քաղաքապետի անունը: Դա, հավանաբար, լինելու է Ժորժ Քեփենեկյանը՝ ներկայումս մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով քաղաքապետի առաջին տեղակալը, գրում է mlyon.fr-ն: Քեփենեկյանը դառնալու է Լիոնի 35-րդ քաղաքապետը:
Հայազգի գործիչը, որը օգոստոսին կդառնա 68 տարեկան, քաղաքապետի պաշտոնին կհաջորդի Ժերար Կոլոմին, որը Ֆրանսիայի նոր ձևավորված կառավարությունում նշանակվել է ներքին գործերի նախարար: Մինչև 2020 թվականի ընտրությունները Լիոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար Քեփենեկյանի թեկնածությունն առաջադրել է հենց Կոլոմը:
Մասնագիտությամբ ուրոլոգ-վիրաբույժը 2008 թվականին ղեկավարել էր Կոլոմի նախընտրական արշավը, նա քաղաքապետի առաջին օգնական է դարձել 2014 թվականին:
Հայկական ծագմամբ Ժորժ Քեփենեկյանը ակտիվ ներգրավված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Նա Լիոնի «Բուլուքյան հիմնադրամի» խորհրդի անդամ է:
Ֆրանսիական լրատվամիջոցները մատնանշում են, որ Քեփենեկյանը շատ ամուր կապված է հայկական մշակույթին և հիշողությանը: Նա ակտիվ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում:










