ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին. Սերժ Սարգսյան

09:09 • 17.07.17

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) երբեք չի արել որևէ հայտարարություն, որը կարող է հակասել Հայաստանի շահերին, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է և ոչ թե հայկական բանակը»,– ասել է ՀՀ նախագահը՝ արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, թե թյուրընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն որոշակի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ և ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին:


Նախագահի գնահատմամբ՝ որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները:

«Անցյալ տարի Երևանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք և նայեք, թե ինչպիսիս բանաձև է ընդունել այդ գագաթաժողովը:  Էմոցիոնալ կողմը շատ կարևոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարևորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,- նշել է Սերժ Սարգսյանը: