Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ԵՄ-ն վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ. Յունկեր

10:33 • 17.07.17

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները ընդունեն մահապատժի օրենքի վերականգնման որոշում՝ Եվրամիությունը վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ, այս մասին գրում է abcnews.go.com կայքը:

Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ Թուրքիան որպես գործընկեր շարունակում է մեծ կարևորություն ներկայացնել ԵՄ-ի համար և Եվրոպան ցանկանում է տեսնել իր հարևանին հզոր թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդավարական տեսանկյունից:

Յունկերը նշել է, որ մայիս ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա վերջինի մոտ նկատել է ոչ թե Եվրոպայից հեռանալու, այլ ընդհակառակը՝ կրկին մերձենալու ձգտում:

Նշենք, որ հուլիսի 15-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակին նախագահ Էրդողանը ժողովրդի առաջ կրկին խոսել է մահապատժի օրենքի վերականգնումից:

«Խորհրդարանը կհաստատի՝ ես կստորագրեմ: Մահին մահով կպատասխանենք», - ասել է Էրդողանը մահապատժի օրենքի հնարավոր վերականգնման մասին:

Թուրքիայում մահապատիժն օրինական էր մինչև 2004 թվականը, սակայն գործնականում այն չի կիրառվել 1984-ից ի վեր:

Մահապատիժը վերականգնելու մասին խոսակցություններն ու առաջարկները երկրում սկսեցին ի հայտ գալ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, որի ժամանակ ավելի քան 300 մարդ էր զոհվել, հազարավորները` վիրավորվել: