ՖԻՖԱ-ի փոխնախագահը ձերբակալվել է դրամաշորթության կասկածանքով

19:57 • 18.07.17

Իսպանիայի ոստիկանությունը հուլիսի 18-ին ձերբակալել է Իսպանական թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարին: 

Ինչպես փոխանցում է DW.com-ը, վերջինս կասկածվում է դրամաշորթության, փաստաթղթերի կեղծման և փողերը վատնելու մեջ: Միևնույն ժամանակ RFEF-ի մադրիդյան գրասենյակում խուզարկություններ են իրականացվել և ևս մի քանի մարդ է ձերբակալվել: Նրանց թվում է նաև Վիլյարի որդին` Գորկան: 

Անխել Մարիա Վիլյարը Իսպանական թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան անփոփոխ ղեկավարում է 1988 թվականից, ինչպես նաև հանդիսանում է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի գործող փոխնախագահը: 2015-ի նոյեմբերին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը վերջինիցս նկատողություն էր արել և 25 000 շվեյցարական ֆրանկի չափով տուգանք է սահմանել նրա նկատմամբ` ԱԱ 2018-ն ու 2022-ը հյուրընկալելու համար Ռուսաստանի և Քաթարի ընտրության մասին գործով հետաքննության հետ աշխատելուց հրաժարվելու պատճառով: