Եթե խնդիրն այն է, որ ՌԴ-ում աշխատող հայ վարորդները լեզվի տիրապետում ունենան, դա կարգավիճակով լուծվող հարց չէ. Կարեն Բեքարյան

11:01 • 18.07.17

Հայաստանում ռուսերեն լեզվին կարգավիճակ տալու հետ կապված աղմուկը համարում եմ ավելին, քան իրականում կարիքը կա, որովհետև դա ռուսական կողմի պատկերացմամբ եղել է որպես լուծման օրինակ: ՀՀ ԱԺ-ի պատվիրակության կողմից եղել է հարցադրում և հարցադրմանը ուղղակի եղել է ինչ-որ արձագանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգմավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը։

«ԱԺ պատվիրակությունը ռուսական կողմին ներկայացրել է, որ խնդրի ֆորմալ իրականացումն այլ հարց է, բովանդակությունը՝ մեկ այլ հարց: Այսինքն՝ ասվել է Հայաստանի Հանրապետությունում ռուսերեն լեզվի դասավանդման, տիրապետման մասին: Հետևաբար, եթե խնդիրն այն է, որ դա պետք է նպատակ ունենա, որ աշխատողները լեզվի տիրապետում ունենան, դա կարգավիճակով լուծվող խնդիր չէ, որը ոնց որ թե բացատրվել է»,- նշեց Բեքարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության ռուսաստանյան պաշտոնական այցի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրա­վունքներով աշխատելու արգելքի մասին խնդիրը, ինչին ի պատասխան ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է Հայաստանի իշ­խանություններին պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վա­րորդական իրավունքները:

Կարեն Բեքարյանի համոզմամբ՝ վարորդական իրավունքների խնդիրը քննարկման առարկա կլինի և այդ քննարկումների արդյունքում ինչ-որ լուծումներ կգտնվեն, բայց նա չի կարծում, որ դա որևէ առնչություն կունենա լեզվի կարգավիճակի հետ:

Կարեն Բեքարյանը ոչ միայն Հայաստանում ռուսերեն լեզվին կարգավիճակ տալու հետ կապված աղմուկն է չափազանցված համարում, այլ նաև այն հայտարարությունները, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց պետք է սկսի:

«Այս ամենը կարող էր լինել առանձնազրույցի ընթացքում՝ պատկերացումների, լուծման ճանապարհների շարքում, և որևէ կերպ դուրս չգար մամուլ: Մեր կողմից ասվեր, դիմացի կողմից պատասխանեին: Սովորական երևույթի ներքո ընթացած պրոցես է»,- նշեց Կարեն Բեքարյանը: