Դատական համակարգի բարեփոխման ծրագրերը ձևական բնույթ են ունեցել, պետք է ավելի համապարփակ մոտեցում. Շաքե Իսայան (տեսանյութ)

21:20 • 18.07.17

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատական համակարգի անկախության խնդրին, ասաց, որ ավելի համապարփակ մոտեցում է պետք և կոնկրետ քայլերի հաջորդականություն:  

«Երբ նայում եմ տվյալ ոլորտի` արդարության վերականգման և բարեփոխման ծրագրերը, ապա դրանք ավելի շատ ձևական բնույթ են ունեցել, և կոնկրետ քայլ չի արվել, որ վիճակը բարելավվի և բարեփոխումները իրական լինեն»,-ասաց նա: 

Ըստ պատգամավորի` դատական իշխանության նկատմամբ գնալով վստահությունը կորել է: Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներից բխող փոփոխություններին, որով նախատեսվում է դատարանների ներքին անկախության ապահովմանն ուղղված աշխատանք` նա ասաց, որ այդ ոլորտում յուրաքանչյուր քաղաքացի իր պարտականությունները պետք է կատարի: 

«Գործնական քայլեր են պետք, որին պետք է նպաստի յուրաքանչյուր քաղաքացի, այսինքն՝ բոլորս անելիք ունենք: Երբ որ լինի համախմբված և' յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքը, և' լինի կոնկրետ քայլերի հաջորդականությունը, վստահ եմ` բոլոր ոլորտներում կունենանք հաջողություն»,-ասաց նա: 

Պատգամավորը նաև ասաց, որ շարունակելու է քայլեր իրականացնել իր նախընտրական ծրագրի շրջանակներում: