ԱՄՆ-ում երեք երեխայով ընտանիքն առանց բացատրության դուրս է հանվել ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

16:48 • 19.07.17

ԱՄՆ-ում երեք երեխա ունեցող ընտանիքը դուրս է հանվել JetBlue ավիաընկերության ինքնաթիռից, որը ներքին չվերթ է իրականացնելիս եղել. որոշման պատճառները չեն բացատրվել: Այս մասին հայտնում է The Daily Mail:

Ընտանիքի փաստաբանի խոսքով՝ Թամիր Ռաանանը և Մենդի Իֆրան, որոնք բնակվում են Բրուքլինում, Ֆորտ Լոդերդեյլից Նյու Յորք չվերթ իրականացնող ինքնաթիռ են նստել: Նրանց մեկ տարեկան դուստրը սկսել է քացով տալ մյուս ուղևորի նստատեղին:

Երեխայի մոր խոսքով՝ ինքը ներողություն է խնդրել անծանոթ ուղևորից և մի քանի բառով փոխանակվել նրա հետ, մինչև վերջինս փոխել է նստատեղը: Այնուհետև բորտուղեկցորդը մոտեցել է ամուսիններին և խնդրել նրանց լքել ինքնաթիռը:

«Ինքնաթիռը շրջադարձ է արել, վերադարձել մեկնման հարթակ, ինչից հետո JetBlue-ի անվտանգության աշխատակիցները մտել են ու ասել, որ հավաքենք մեր իրերն ու դուրս գանք», - պատմել է Իֆրան:

Ավիաընկերության հայտարարության համաձայն՝ Ռաանանը և Իֆրան «հարևան ուղևորին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ»: Ինքնաթիռից դուրս գալու խնդրանքին նրանք պատասխանել են մերժումով, ինչից հետո աշխատակիցները դուրս են հանել նրանց:

Նշվում է, որ ընկերությունը վերադարձրել է ընտանիքին ծախսված գումարը:

«Ուղևորները դուրս են հանվել ոչ իրենց երեխաների գործողությունների պատճառով», - բացատրել են ավիաընկերության ներկայացուցիչները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբողջ ընտանիքը պետք է հաջորդ օրը մեկներ ավիաընկերության այլ չվերթով, սակայն օդանավակայան ժամանելուն պես նրանց տեղեկացրել են, որ նրանք չեն կարող թռչել JetBlue-ի ինքնաթիռով, մինչև տարվում է միջադեպի հետաքննություն:

Ամուսինները նաև բողոքել են, որ ուղեբեռը չի հանձնվել իրենց, և ամբողջ ընտանիքը մնացել է առանց հագուստի և երեխաների համար անհրաժեշտ իրերի: Երբ ընտանիքը հասել է Նյու Յորք, ուղեբեռն այդպես էլ չի հայտնաբերվել: Այն վերադարձվել է տերերին մեկ շաբաթ անց:

Իֆրայի խոսքով՝ ավիաընկերության վարկածը չի համապատասխանում իրականությանը, և ինքը պարզապես ցանկանում է, որ իրենից ներողություն խնդրեն: