Դանակահարված հոգեբանի վիճակը գնահատվում է  կրիտիկական ծանր. մանրամասներ

14:00 • 19.07.17

Հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոգեբան Ռուբեն  Պողոսյանը շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:

Հոգեբանի առողջական վիճակի վերաբերյալ հարցին, հիվանդանոցից պատասխանեցին.«Քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը»:

Հարցին, թե ներկայումս ինչպես է գնահատվում  Ռուբեն Պողոսյանի վիճակը, հիվանդանոցից հայտնեցին.«Ներկա պահին վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր»:

Նշենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռուբեն Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: 

Նշանակվել է դատաբժշկական քննություն: Կատարվում է քննություն: