Իսրայելցի ուսանողուհին նմուշներ է գողացել «Օսվենցիմ»-ից և ցուցահանդես անցկացրել իր քոլեջում

15:13 • 19.07.17

Իսրայելի Բեյթ Բերլ քոլեջի արվեստի ֆակուլտետի ուսանողուհին Լեհաստանի տխրահռչակ «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի թանգարանից գողացել է մի քանի նմուշ, որոնք այնուհետև օգտագործել է քոլեջում անցկացված իր ցուցահանդեսի համար: Այս մասին հայտնում է Ynet.co.il կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոթեմ Բայդսի գողացած նմուշների շարքում եղել են գդալներ, ապակու բեկորներ, մետաղյա գնդերիթ և այլն: Ուսանողուհու խոսքով՝ իր նախագիծը հարց է դնում՝ ինչ կմնա մարդկանց հիշողության մեջ, երբ «Օսվենցիմ»-ի սարսափները վերապրած «կենդանի օրինակները» դադարեն գոյություն ունենալ:

Աղջիկն ավելացրել է, որ գիտակցում է իր գործողությունների անօրինականությունը, սակայն ամենևին չի զղջում արածի համար:

«Զգում էի, որ սա այն է, ինչ պետք է անել: Միլիոնավոր մարդիկ սպանվել են մեկ երկրի բարոյականության օրենքներով: Եվ եթե օրենքներն այդպիսին են, ես կարող եմ գնալ այնտեղ և գործել իմ կանոնների համապատասխան», - եզրափակել է նա:

Բայդսի ցուցահանդեսը փակվել է, երբ քոլեջում իմացել են  գողության մասին, և նրան բացատրություն տալու նպատակով հրավիրել են զրույցի: Ընդ որում, արվեստի ֆակուլտետի դեկան Գաբի Կլեսմերն աջակցել է ուսանողուհուն՝ նշելով, որ ամբիոնը ձգտում է «ստեղծագործության, մշակույթի, հայացքների և պատկերացումների ազատության»:

Թանգարանի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել են աղջկա դեմ հայց ներկայացնելու մասին, ինչպես նաև հույս հայտել, որ գողացված առարկաները կվերադարձվեն: