Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են կիսաշրջազգեստով քայլող կնոջը (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են համացանցում տարածված հայտնի տեսանյութի հերոսուհուն, որը կարճ կիսաշրջազգեստով զբոսնել է Նաջդ շրջանում գտնվող հնագույն բերդի տարածքում, հայտնում է Associated Press-ը:
Կինը ձերբակալվել է Էր Ռիադում «անհամեստ հագուստ» կրելու համար: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ նրա գործը փոխանցվել է քաղաքի դատախազությանը:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, տեսանյութը դարձել է սոցիալական ցանցերում քննարկման առարկա: Շատ օգտատերեր պահանջում էին ձերբակալել և պատժել կնոջն ավանդույթը խախտելու համար, ոմանք, սակայն, գովում էին նրա քաջությունը: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ որոնում են համացանցում տեսանյութ հրապարակած կնոջը:
Երկրի իշխանությունների և համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում հայտնված տեսանյութը հրապարակել է Snapchat-ի Khulood ծածկանունով օգտատերը:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի բնակչուհիները պարտավոր են աբայա (երկար արաբական զգեստ) կրել: Դրանից բացի, երկրի բնակչուհիների մեծամասնությունը նիքաբով ծածկում է դեմքը և մազերը:










