Մի՛ մտածեք, որ հանրային պաշտպաններ ներգրավելով՝ կստեղծեք հնազանդ մեծամասնություն. պաշտպանը՝ ՊՊԾ գործով դատավորին

13:36 • 20.07.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի,  Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի,  Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի,  Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Այսօր նույնպես դատական նիստը մեկնարկեց 20 րոպե ուշացմամբ, ինչի պատճառը դատական կարգադրիչների կողմից փաստաբանների զննությունն էր, որը, ըստ փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի, վերածվում է խուզարկության: Դատական կարգադրիչներն արձանագրություններ կազմեցին, որ հրաժարվում են զննության ենթարկվելուց, իսկ պաշտպանները գրառումներ կատարեցին, որ կարգադրիչներն անօրինական պահանջներ են ներկայացնում:

Դատական նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ նիստերի դահլիճում են գտնվում ամբաստանյալներ Արամ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը, պաշտպաններ Հայարփի Սարգսյանը, Անուշ Մխիթարյանը, Գրիշա Բալասանյանը, Արա Ղարագյոզյանը, Հրանտ Գևորգյանը, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Կարեն Մեժլումյանը, Հարություն Բաղդասարյանն ու Ինեսսա Պետրոսյանը:

Դատական նիստին չեն ներկայացել  պաշտպաններ Լուսինե Սահակյանը, Մոնիկա Մարգարյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը, Կարապետ Բադալյանը և Մուշեղ Շուշանյանը:

Նինա Կարապետյանցը և Լիպարիտ Սիրմոնյանը գրություն էին ներկայացրել դատարանին բացակայության պատճառների մասին: Լուսինե Սահակյանը դատարանին հայտնել էր, որ բացակայության պատճառն արձակուրդն է, որը տևելու մինչև օգոստոսի 9-ը, իսկ Լիպարիտ Սիմոնյանը դատարանին հայտնել էր, որ նախապես պլանավորածի համաձայն՝ ինքը մեկ այլ նիստի է մասնակցում, այդ պատճառով էլ բացակայում է: Բացի այդ, պաշտպանը միջնորդել էր հետաձգել նիստը՝միաժամանակ հայտնելով, որ հուլիսի 27-ին ևս դատական նիստ ունի:

Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրականացնում են Մարտիրոս Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի պաշտպանությունը: Դատավորը Վարոսյանին ասաց, որ քանի որ պաշտպաններից մեկը ներկա է, կարող են շարունակել նիստը, ինչին Վարոսյանը պատասխանեց. «Միջնորդում եմ դատական նիստերի դահլիճ ներկայացնել մեր պաշտպանյալներին, միակ խոչընդոտը նրանց բացակայությունն է, և այդ պայմաններում, պայմանավորվածության համաձայն, ես նույնպես կլքեմ նիստերի դահլիճը»:

Միջնորդությանը միացավ նաև Արամ Հակոբյանի և Վարդան Գերավետյանի  պաշտպան Դավիթ Գյուրջյանը, ով ասաց, որ նախ պետք է սանկցիայի ժամում հաշվարկել նաև դատարանի խորհրդակցական սենյակում գտնվելու ժամը և նիստերի դահլիճ բերել իր պաշտպանյալներին, այլապես ինքը ևս կլքի նիստերի դահլիճը:

Դատարանն անդրադարձավ նաև Լիպարիտ Սիմոնյանի գրությանը և արձանագրեց, որ նա չորրորդ անգամ անընդմեջ չի ներկայանում դատական նիստին. «Նման դեպքերում դատարանն առաջնորդվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածով՝ պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը և նրա չներկայանալու հետևանքները: Խնդրում եմ, ներկայացնել Սիմոնյանի պաշտպանյալ Թորոս Թորոսյանին»:

Դատարանի նիստերի դահլիճ բերված Թորոս Թորոսյանն ասաց, որ իր պաշտպանը բացակայել է նիստերից, այդ մասին պատշաճ կարգով տեղեկացրել է դատարանին, ինքն իր պաշտպանից չի հրաժարվում. «Իմ պաշտպանից չեմ հրաժարվում, այլ պաշտպան չեմ ուզում»:

Դատավորը լսեց պաշտպանին, և չնայած նրան, որ Թորոսյանը պնդեց, որ չի հրաժարվում իր պաշտպանից, դատավորն ասաց. «Հաշվի առնելով, որ ամբաստանյալը հեռացված է նիստերի դահլիճից, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, դատարանը որոշում է կայացնելու դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ և Ձեզ իրավաբանական օգնություն ցույց տալու համար տրամադրել հանրային պաշտպան»:

Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ ինքը «դատավորի անօրինական որոշումների դեմ» առարկություն ունի. «Մենք պարզ տեսանք, որ դատարանին Թորոսյանը հայտնեց, որ չի հրաժարվում Սիմոնյանի ծառայություններից, Ձեր կողմից  հրապարկվել են Լիպարիտ Սիմոնյանի դիմումներն առ այն, որ վերջինիս բացակայությունները հագելի են, Դուք, ի հակառակ դրա, որոշում կայացրեցիք դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ: Սիմոնյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, իսկ Դուք այդ հիմքով դատական նիստը պետք է հետաձգեիք, ոչ թե ամբաստանյալի կամքին հակառակ  պաշտպան հրավիրեիք: Դուք ո՞նց եք պատկերացնում, որ հանրային պաշտպաններն ինչ-որ մեկի կամակատա՞րն են լինելու, նման բան չի լինելու»:

«Ես չգիտեմ»,-արձագանքեց դատավորը:

Հրանտ Գևորգյանն էլ  ասաց, դատավորի մարտավարությունը պարզ է. «Մեզ  բոլորիս դահլիճից  հեռացնել և հանրային պաշտպաններ բերել: Բայց երեկ Ձեզ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ապացուցեցին, որ իրենք նույնքան ջանասիրաբար կպաշտպանեն իրենց պաշտպանյալների շահերը: Երբևէ մի մտածեք, որ հանրային պաշտպաններ ներգրավելով, վարչական ռեսուրս կիրառելով՝ կստեղծեք հնազանդ մեծամասնություն»:

«Պարո՛ն Գևորգյան, ինչ ասում եք, Ձեր ենթադրություններն են, ինչո՞ւ Դուք  ամեն դատական նիստի  պարտադիր ներկա եք գտնվում, մյուսները՝ չէ: Եթե բոլորը ներկա գտնվեն, անհրաժեշտություն կլինի՞ հանրային պաշտպան ներգրավվելու: Հարգելի՛ պաշտպաններ, այնպիսի տպավորություն եք թողնում,  թե այս օրենսգիրքը երբևէ չեք բացել»,-ասաց դատավորը։

Այնուհետև նա ասաց, որ դատարան բերեն  ամբաստանյալներ Տիգրան Սարգսյանին և Թաթուլ Թամրազյանին և նրանց հայտնեց, որ իրենց շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանը ևս նիստերին չի ներկայանում։

«Ցանկանո՞ւմ եք, որ այլ պաշտպան պաշտպանի ձեր շահերը»,–հարցեց դատավորը:

Ամբաստանյալները պնդեցին, որ այլ պաշտպան չեն ցանկանում, սակայն դատավորը որոշում կայացրեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի նոր պաշտպան ներգրավվի գործում: