Գերմանիայի ԱԳՆ-ում հնարավոր չեն համարում մաքսային միության վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունների շարունակումը
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հնարավորություն չեն տեսնում Եվրոպական Միության հետ մաքսային միության վերաբերյալ բանակցությունները Թուրքիայի հետ շարունակելու համար: Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարող եմ բացահայտ ասել, որ չեմ կարող պատկերացնել մաքսային միության ընդլայնման մասին բանակցությունները, երբ նույն ժամանակ ԵՄ քաղաքացիներն անհիմն կալանավորվում են Թուրքիայում»,- ասել է նա:
Բացի այդ, երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Բեռլինը կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև վարկային և ներդրումային ծրագրերը: Նա նաև նախազգուշացրել է Թուրքիա այցելությունների դեպքում գերմանացիների համար առկա վտանգների մասին:
Երեքշաբթի Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել Amnesty International կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերի և ևս հինգ իրավապաշտպանի կալանավորման մասին, որոնց թվում եղել է Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդները: Գերմանիայի ԱԳՆ-ն Անկարայից պահանջել է նրան անմիջապես ազատ արձակել՝ Շտոյդների դեմ մեղադրանքները աբսուրդային անվանելով և նրա կալանավորման առնչությամբ կանչելով Թուրքիայի դեսպանին:
Ավելի վաղ Թուրքիայում ահաբեկչության աջակցության մեջ մեղադրանքով ձերբակալվել է գերմանական Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելը:










