Բլոգեր Լապշինի փաստաբանը չի բացառել Ռուսաստան նրա արտահանձնումը

13:36 • 20.07.17

Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը հնարավոր է, մասնավորապես՝ Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:


«Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում: Մասնավորապես, դա կարող է լինել Իսրայելը, Ռուսաստանը կամ  Ուկրաինան, քանի որ նա այդ երկրների քաղաքացի է: Դա թույլ են տալիս միջազգային հռչակագրերը»,- ասել է փաստաբանը:


Նա նշել է, որ դատարանի դատավճիռը գնահատում է որպես «ավելի քան լավը»: Չերնինը նաև հայտարարել է, որ պաշտպանությունը կձեռնարկի բոլոր հետագա գործողությունները միայն բլոգերի հետ համաձայնեցնելուց հետո:


Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հինգշաբթի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշված է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»:


Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում:


Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:


Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:


Հաղորդվում էր, որ Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։