Սենատոր Ջոն ՄըքՔեյնի մոտ գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել. Թրամփն ու Օբաման իրենց աջակցությունն են հայտնել նրան

09:18 • 20.07.17

Ամերիկացի սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն ՄըքՔեյնի մոտ գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ 80-ամյա օրենսդիրը, որը 2008թ. պայքարում էր ԱՄՆ  նախագահի պաշտոնի համար, վերջերս էր վիրահատել աչքն ու այժմ ապաքինվում է Արիզոնայի հիվանդանոցներից մեկում:

Սենատորի ձախ աչքից հեռացված թրոմբի անալիզի արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա է գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակ (գլիոբլաստոմա), որի դեմ պայքարում քիչ արդյունավետություն ունեն դեղամիջոցներն ու քիմիաթերապիան:

Սենատորի առողջական խնդրի մասին տեղեկությանն արձագանքել են ԱՄՆ գործող և նախկին նախագահներ Դոնալդ Թրամփն ու Բարաք Օբաման:

«Սենատոր Ջոն ՄըքՔեյնը միշտ էլ մարտիկ է եղել: Ես ու Մելանյան աղոթում ենք նրա համար: Արագ առողջացիր»,-ասել է 71-ամյա Թրամփը:

Մինչդեռ Օբաման հանրապետականին «ամերիկացի հերոս» ու իր ճանաչած «ամենաքաջ մարդկանցից մեկն է» անվանել:

«Քաղցկեղը չգիտի, թե ում դեմ է ելել: Գրողի ծոցն ուղարկիր այդ ամենը, Ջո՛ն»,-ասել է Օբաման: