«Չենք լռելու». ԱՄՆ-ի կոնգրեսականները և հայ համայնքը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև

10:28 • 20.07.17

«Մենք չենք լռելու», - այս կարգախոսի տակ է անցել հայ, քուրդ և եզդի համայնքների ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև: Ցույցն անցնում էր ի բողոք մայիսի 16-ին հենց այստեղ տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած ամերիկացիների, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»–ի հայկական ծառայությունը:

«Մենք խորապես վիրավորված ենք, որ նա իր ավազակների հետ միասին միջամտեց խաղաղ ցույցին»,- ասել է կոնգրեսական Մքգավերնը:

Կոնգրեսական Ջոն Սարբանեսի խոսքով՝ ինքը երբեք չէր պատկերացնի, որ նման բան հնարավոր է ամերիկյան հողում։ «Դա ցույց է տալիս, թե որքան խորն են արմատավորված Թուրքիայում բռնությունը, ագրեսիան և միապետությունը»,– ասել է նա:

Չնայած շոգ և խոնավ եղանակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև բողոքելու դուրս էին եկել ազգությամբ հայ, քուրդ և եզդի տասնյակ ամերիկացիներ: Մայիսի 16-ի միջադեպը տեսագրած Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, ցույցը սկզբունքային հարց է. «Մենք այսօր այստեղ ենք, որ Թուրքիային ասենք, որ այն իրավունք չունի մերժելու ամերիկացիների իրավունքները»:

Համբարյանի կարծիքով, տարիներ շարունակ Թուրքիան փորձել է ազդել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու նպատակով, իսկ տեղի ունեցած միջադեպն այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ: «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանություններ էր խնդրել նաև Թուրքիայի դեսպանությունից, սակայն, տեսանյութի հրապարակման պահին պատասխան դեռևս չէր ստացել:


Ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերի խոսքով, Միացյալ Նահանգների ժողովրդից ներում ստանալու համար Էրդողանը պետք է ամերիկյան դատարանին հանձնի ծեծին մասնակցած անձնական թիկնապահներին. «Մինչև ներողություն չխնդրի Ամերիկայի ժողովրդից այն բանի համար, որ իր ավազակները ծեծի են ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, Էրդողանին Միացյալ Նահանգներում ոչ ոք չի սպասում»:


Բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսը դեսպանի նստավայրի առջև էին եկել սաղավարտներով, հիշեցնելով Թուրքիայում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մասին:

Նախկին դատավոր, իսկ այժմ կոնգրեսական Թեդ Փոն նշեց, որ եկել է հիշեցնելու բոլորին, որ ամերիկյան հողն ազատ հող է. «Միայն այն միտքը, որ արտերկրյա բռնակալ կարող է Միացյալ Նահանգներ գալ և հենց այնտեղից իր մարդկանց ուղարկել ամերիկացիներին ամերիկյան հողում ծեծի ենթարկելու, ինքնին անհեթեթ է»:


ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է միջադեպը և արգելել Թուրքիային որոշ զինատեսակների վաճառքը: Միացյալ Նահանգները նաև պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների: