Հոգեբանական կենտրոնում դանակահարված հոգեբանը մահացել է
Հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոգեբան Ռուբեն Պողոսյանը շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ այսօր լուսադեմին մահացել է:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին թիվ 1 հիվանդանոցից. «17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Ռ. Պ.-ն այսօր լուսադեմին մահացել է՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով»:
Նշենք, որ քաղաքացին հիվանդանոց էր տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել էր վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերվել էր համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել էր արյան մեծ կորստի պատճառով, ինչը հանգեցրել էր նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը»:
Նշենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության հաղորդում էր ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռուբեն Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:










