Թրամփը որոշել է դադարեցնել սիրիացի ապստամբներին զինելու ԿՀՎ-ի ծրագիրը

10:16 • 20.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող չափավոր սիրիական ընդդիմությանը զինելու և մարզելու Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի ծրագիրը, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, ովքեր խոսել են անանունության սկզբունքով:


Ծրագիրը մեկնարկել էր 2013 թվականին Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ և ուղղված էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալմանը:


Պաշտոնյաները նշել են, որ գաղտնի ծրագիրը դադարեցնելը խոսում է Ռուսաստանի հետ աշխատելու ճանապարհներ փնտրելու հետ կապված Թրամփի ցանկության մասին: Այն նաև վկայում է Վաշինգտոնի սահմանափակ լծակների և Ասադին իշխանությունից հեռացնելու ոչ վճռական ցանկության մասին:


Պաշտոնյաների խոսքերով՝ Թրամփն այդ որոշումը կայացրել է մոտ մեկ ամիս առաջ՝ Սպիտակ տանը ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպումը կայացել է Գերմանիայում հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ:


Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայտարարել են հարավարևմտյան Սիրիայում՝ Հորդանանի հետ սահմանին, որտեղ երկար ժամանակ գործում էին ԿՀՎ-ից աջակցություն ստացող ապստամբները, հրադադարը պաշտպանելու շուրջ ձեռքբերված համաձայնության մասին: Թրամփը նշել է, որ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը Մոսկվայի հետ կառուցողական աշխատանքային հարաբերությունների օգուտներից մեկն է:


Թերթը գրում է, որ Մոսկվան, որը Սիրիայում աջակցում է Ասադի իշխանությանը, կողջունի պստամբներին ԿՀՎ-ի աջակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը: Ծրագիրն աջակցող որոշ ներկա և նախկին պաշտոնյաներ այդ քայլը խոշոր զիջում  են անվանում:


«Սա կարևոր որոշում է: Պուտինը հաղթեց Սիրիայում»,- ասել է պաշտոնյաներից մեկը թերթին: