ԱՄՆ կոնգրեսականը Պետդեպին կոչ է արել հասնել Էրդողանի թիկնապահների արտահանձնմանը

03:42 • 20.07.17

ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը, ելույթ ունենալով խոսքի ազատությանն ուղղված միջոցառման ժամանակ, կոչ է արել ԱՄՆ Պետքարտուղարությանն ու արդարադատության նախարարությանը պահանջել Էրդողանի թիկնապահների արտահանձնումը: 

«Ես այստեղ եմ ձեր կողքին կանգնելու համար, քանի որ մայիսին կատարվածի ժամանակ իր ցնցող պահվածքով թուրքական կառավարությունը փորձել է խախտել իմ և ձեր իրավունքները: Նրանք վայրագություն են դրսևորել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նրանց նկատմամբ, ովքեր հավատում են Հայոց ցեղասպանությանը, ովքեր հավատում են խոսքի ազատությանը: Կոչ եմ անում Պետքարտուղարությանն ու արդարադատության նախարարությանը հասնել թուրք նախագահ Էրդողանի թիկնապահների արտահանձնմանը, որոնք դաժան հարձակում են իրականացրել ամերիկյան հողում», - ասել է կոնգրեսականը: 

Վաշինգտոնում անցկացվող բողոքի ակցիան կազմակերպել են թուրք թիկնապահների գործողություններից տուժած անձինք: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրա թիկնապահները դաժան ծեծի էին ենթարկել թուրքական դեսպանատան առաջ հավաքված խաղաղ ցուցարարներին, որոնց թվում էին ազգությամբ քուրդ, հայ և ամերիկացի քաղաքացիներ: