Պաշտպաններն ու ամբաստանյալները չկային. Սեֆիլյանի և վեցի գործով դատական նիստը հետաձգվեց

14:38 • 21.07.17

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստը:

Դատական նիստը մեկ ժամով ընդմիջվել էր Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ դատական նիստերի դահլիճը լքելուց հետո:

Դատարանը նրանց կարգադրեց մնալ նիստերի դահլիճում, սակայն պաշտպաններն ասացին, որ ցուցում ունեն առանց իրենց պաշտպանյալների չմասնակցել դատական նիստերին և լքեցին նիստերի դահլիճը: Դատարանը նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատ:

Դատական նիստին նաև հանրային պաշտպան ներգրավվեց՝ Աննա Ջուվանովան, ով կպաշտպանի ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի շահերը: Քանի որ իր պաշտպանյալը նիստերի դահլիճից հեռացված է, Աննա Ջուվանովան, հակառակվելով դատարանի կարգադրությանը, լքեց նիստերի դահլիճում իրեն հատկացված տեղն ու տեղափոխվեց ունկնդիրների շարք:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` պաշտպանի վարքագիծը քննելու և վերադառնալուց հետո դատական սանկցիա կիրառեց. «Դատարանը Աննա Ջուվանովային պատասխանատվության ենթարկելու դիմումով կդիմի Փաստաբանների պալատ»:

Այնուհետև դատարան բերվեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը: Դատավոր Գրիգորյանը պարզաբանեց, որ քանի որ նրա պաշտպան Տիգրան Եգորյանը երեք և ավելի անգամ բացակայել է նիստերից, ապա հանրային պաշտպան պետք է ներգրավվի:

Գևորգ Սաֆարյանը հայտնեց, որ ինքն իր պաշտպանից չի հրաժարվել և իր շահերը պետք է պաշտպանի Տիգրան Եգորյանը: Սաֆարյանին տարան դահլիճից, ինչից հետո դատավորը հետաձգեց նիստը պաշտպանների բացակայության պատճառով:

Նշենք, որ ամբաստանյալները ևս հեռացված են նիստերի դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով: