Արաբներն ի նշան բողոքի աղոթել են Երուսաղեմի փողոցներում

17:04 • 21.07.17

Հարյուրավոր արաբ մուսուլմաններ ուրբաթ օրվա աղոթքն արել են Երուսաղեմի փողոցներում՝ բողոքելով Տաճարի լեռան վրա անվտանգության նոր միջոցների դեմ. քաղաքի մի քանի թաղամասում արաբները բախվել են իսրայելական ոստիկանության հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները հատուկ միջոցներ են կիրառել իրենց ուղղությամբ քարեր նետող ցուցարարների դեմ: Ցուցարարներին ցրելու գործում ներգրավվել է հեծյալ ոստիկանությունը, ինչպես նաև գործածվել են ջրցան մեքենաներ:

Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել Երուսաղեմի արաբական թաղամասերում, որոնք հյուսիսից և արևելքից հարակից են Հին քաղաքի պատերին: Բողոքի ակցիաների վերաբերյալ հաղորդագրություններ գալիս են նաև պաղեստինյան տարածքներից:

Արաբները զանգվածային աղոթքներ են կազմակերպել Երուսաղեմի փողոցներում՝ հրաժարվելով Տաճարի լեռան մզկիթների մոտ բարձրանալ անվտանգության նկատառումներով տեղադրված մետաղական դետեկտորների միջով, որոնք վերջերս տեղադրվել են Իսրայելի իշխանությունների որոշման համաձայն:

Հայտնի է, որ անվտանգության միջոցների ուժեղացումը դարձել է անցած շաբաթ երկու իսրայելցի ոստիկանների սպանության արձագանքը: Երեք գրոհային, որոնք համարվում են իսրայելաբնակ արաբներ, Տաճարի լեռան տարածքն օգտագործել են հարձակման համար և փորձել այնտեղ թաքնվել հետապնդումից: