Ամենալավ օրենքները մնում են թղթին հանձնված բարի ցանկություններ, եթե չկա դրանք կյանքի կոչելու պետական կամք. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

19:55 • 21.07.17

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում արդարադատությունը չի գտնվում իր բարձրության վրա, կա անվստահություն դատարանների նկատմամբ, թեև ավելացրեց, որ չի կարելի ընկնել մյուս ծայրահեղության մեջ՝ ասելով, թե դատարանները ոչնչով զբաղված չեն:

««Ծառուկյան» դաշինքն իր ծրագրերում, գործողություներում միշտ կարևորել է դատական անկախ համակարգի առկայությունը: Մենք ձեռնամուխ ենք լինելու այնպիսի օրենքների ընդունմանը կամ օրենսդրական ակտերում այնպիսի փոփոխությունների կատարմանը, որոնք հնարավորինս բարձր պահեն դատարանի անկախությունը»,-ասաց նա:

Չնայած դրան, պատգամավորը նկատեց, որ լավ օրենքները մի բան են, իսկ դրանց կատարումը՝ այլ բան:

«Մենք շատ լավ գիտենք, որ ամենալավ օրենքները մնում են որպես թղթին հանձնված բարի ցանկություններ, եթե չկա դրանք կյանքի կոչելու պետական կամք»,-ասաց նա և նշեց, որ իրավական փոփոխություններից բացի պետք է հետևողական պայքար մղեն պետական կամքն ամրապնդելու ուղղությամբ:

«Ես չեմ կարող ասել, թե այս երկրում կա մի մարդ, ով հետևողականորեն ցանկանում է երկիրը քանդել, համենայնդեպս ինձ համար այդպիսի տեսանելի մեկը չկա, սակայն անվիճելի է, որ կարելի է ամեն ինչ լավ անել»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ դատարանների անկախության խնդիրը բազմաթիվ գործոններից է կախված, և չի կարելի մեկ գործոն վերցնել և ասել, որ միայն դա է պատճառը: