Աղբ նետելու դեմ պետք է պայքարել, բայց պայքարել համակարգված, ոչ թե միայն մուրճի և մահակի մեթոդաբանությամբ. ՀԿ նախագահ
Աղբ նետելու դեմ պետք է պայքարել, բայց պայքարել համակարգված և ոչ թե միայն մուրճի և մահակի մեթոդաբանությամբ. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա չի շտապում գնահատական տալ, թե արդյոք համահո՞ւնչ է տուգանքի չափը, քանի որ տեղյակ էլ չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվել չափը:
Հիշեցնենք, որ ըստ կառավարության որոշման, մեքենայից աղբ թափողներին սպառնում է նվազագույնը 16000 դրամ տուգանք՝ թեկուզ ծխախոտի մեկ գլանակի համար:
Ըստ Պիպոյանի՝ տուգանքներն ունենում են երկու հիմնական նպատակ՝ նախ որ սահմանվում է տուգանքի այնպիսի չափ, երբ քիչ են կիրառելու, այսինքն՝ բարձր տուգանքներ են սահմանվում, որ մարդը խախտում չանի, կամ սահմանում են նվազագույն աշխատավարձի համեմատությամբ տուգանք, որը սպառողը խախտելու պարագայում կարողանա վճարել:
«Հիմա չգիտեմ՝ ո՞ր սկզբունքով են որոշել: Այսինքն՝ առաջին հերթին նման որոշման դեպքում պետք է համապատասխան ենթակառուցվածքները ստեղծենք, ավելացնենք աղբամանների թիվը, հսկողության ձևը, ոչ թե պատահական սկզբունք կիրառենք: Դեռ հարցական է, ինչպես է կիրառվելու, արձանագրելու, մոդելը ինչպես է ընտրված, ինչ նախազգուշացում է լինելու, պարզ չէ»,-ասաց նա:
Բաբկեն Պիպոյանի խոսքով, կարևոր է այս դրական գործընթացը այնպես կյանքի կոչել, որ հետևանքը ևս լինի դրական:
«Դա արդեն ժամանակը ցույց կտա: Բայց որ 16 000-ը նվազագույն աշխատավարձի համեմատ բավական մեծ գումար է, դա ակնհայտ է, մոտավորապես նվազագույն աշխատավարձի 30 տոկոսն է»,-ասաց նա:










