Շուրջ 400 հոգի Փասադենայում հրաժեշտ է տվել հնգամյա Արամազդ Անդրեասյանին
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենայի եկեղեցում հուլիսի 19-ին ավելի քան 400 մարդ էր հավաքվել՝ հրաժեշտ տալու հնգամյա Արամազդ Անդրեասյանին։
Երեխայի մայրը՝ Անա Էստեվեզը եկեղեցում ելույթ ունենալով շնորհակալություն է հայտնել ոստիկանությանն իր որդուն գտնելու համար։
«Շնորհակալ եմ, որ վերադարձրեցիք իմ որդուն։ Ոչ այնպես, ինչպես կցանկանայի, սակայն միևնույն է նա տանն է»,- ասել է մայրը։
Հաջորդ օրը Փասադենայի բնակիչները հավաքվել են Լոս Անջելեսի բուսաբանական այգում, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Արամազդի հիշատակին։
Հիշեցնենք, որ Արամազդն անհետացել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային մորը փոխանցելու համար։
Անդրեասյան կրտսերի մարմինը հայտնաբերվել է Կաչումա լճի մոտակայքում՝ Սանտա Բարբարայում։
Որդու սպանության մեջ մեղավոր են ճանաչել 35-ամյա Արամազդ Անդրեասյան ավագին, ով մեղադրող կողմի պնդմամբ որդուն սպանել է կնոջը վերադարձնելու նպատակով, որի հետ ապահարզանի գործընթացն ընթանում է դատական կարգով։










