Սոչիում Ալիևն ու Պուտինը քննարկել են ԼՂ խնդիրը

11:52 • 22.07.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման, այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։


Հանդիպման ժամանակ Պուտինն ու Ալիևը «ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը»։


Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նրանք վստահություն են հայտնել առ այն, որ «բարեկամական ու ռազմավարական գործընկերային կապերը կզարգանան նաև հետագայում», նշվում է հաղորդագրությունում։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր kremlin.ru-ն, Պուտինը նկատել էր, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս էր հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն: ՌԴ ղեկավարը հավելել էր, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի: Ալիևն իր հերթին ասել էր, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով: