Իրաքում սպանվել է ԻՊ-ի «ոստիկանության ղեկավարը»
Մոսուլում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք բարձրաստիճան ղեկավարներ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Իրաքի աշխարհազորային ուժերին:
«Մարտիկներին հաջողվել է ճանաչել արևմտյան Մոսուլում հուլիսի 20-ին սպանված ահաբեկիչների մարմինները, որոնք փորձել էին ներթափանցել աշխարհազորայինների ջոկատ: Սպանվածներն են ԻՊ-ի այսպես կոչված` «իսլամական ոստիկանության» ղեկավար Աբու Իմանը, մահապարտների հավաքագրման համար պատասխանատու Աբու Զաիզիան և ԻՊ-ի գաղտնի ցանցերի գործունեությունը համակարգող Նասեր Աբդալա ալ-Բադրանին», -ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսին Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու մասին, սակայն այդ լուրը մինչ օրս չի հաստատվել: Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը և իրաքյան հետախուզության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ալ-Բաղդադին ողջ է:










