Ութ ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել Տեխասում բեռնատարի կցասայլի մեջ

16:33 • 23.07.17

Ութ մարդու, այդ թվում երկու երեխայի մարմին է հայտնաբերվել ներգաղթյալներ տեղափոխող բեռնատարի կցասայլում՝ Տեխաս նահանգի հարավում: Այդ մասին հայտնում է USA Today-ը: 

Դեպքը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ բեռնատարում եղել է 38 ներգաղթյալ, նրանցից 20-ը հոսպիտալացվել է: Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: 

Հաղորդվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել խանութից ստացած զանգից հետո, որի կողքը կայանած է եղել տրանսպորտային միջոցը: 

Նշվում է, որ չնայած տարածքում գրանցված չափազանց բարձր ջերմաստիճաններին՝ բեռնատարը չուներ օդորակման համակարգ: