Այսօր Վարդավառի կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնն է
Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թափոր լեռն աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։
Իսկ ինչո՞ւ է այս տոնը նաև Վարդավառ կոչվում, կա մի քանի բացատրությունը: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը, այդպես էլ Քրիստոսը նախքան իր պայծառակերպվելը պահում էր իր մեջ աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Տոնի Վարդավառ անունը բացատրվում է նաև որպես հնդեվրոպական «var-ջուր և arr– ցողել, սրսկել» անունների համակցումով, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։ Պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։
Իրար վրա ջուր ցողելու կամ ջրելու ավանդույթը ժողովրդական լեզվում անվանվում է նաև ջրոցի։ Տոնն հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն: Վարդավառի տոնը նշվում է Հանրապետոթյան բոլոր տեղերում, իսկ հյուսիս արևելյան շրջաններում ավելի մեծ շուքով: Իսկ 2014 թվականից սկսված Գեղարդում և Գառնիում կազմակերպվում է Վարդավառ միջազգային փառատոնը։










