Ղրղզստանին նախազգուշացրել են ԱՄՆ ռազմաբազայի պատճառով հրթիռային հարվածների մասին. Ատամբաև

22:56 • 24.07.17

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ այն ժամանակ, երբ «Մանաս» միջազգային օդանավակայանում գտնվում էր ամերիկյան ռազմաբազան, Բիշքեքին նախազգուշացրել են որևէ հակամարտության առաջացման դեպքում հնարավոր հրթիռային հարվածների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Նույն Ռուսաստանի և Չինաստանի համար հարկավոր է հանգիստ և խաղաղ Ղրղըզստան, իսկ որոշ երկրների համար բոլորովին այլ բան է պետք… Ես բացարձակ ջերմ զգացմունքներ չունեմ այն քաղաքականության նկատմամբ, որը վարել է ԱՄՆ պետքարտուղարությունը դեմոկրատների իշխանության ժամանակ»,- հայտարարել է Ատամբաևը:


Նրա խոսքերով՝ մի շարք պետությունների ներկայացուցիչներ նրան այդ ժամանակ նախազգուշացրել են, որ Ղրղըզստանը ենթարկվել է մեծ վտանգի մինչ ամերիկացի զինվորականները տեղակայված էին Բիշքեքի միջազգային քաղաքացիական օդանավակայանում:


«Այդ ժամանակ, 2014 թվակնաին, ինձ որոշ երկրները անկեղծ ասել են, որ եթե անհրաժեշտ լինի, մենք հրթիռներ կարձակենք ամերիկյան ինքնաթիռների ուղղությամբ, և ձեր մարդիկ կտուժեն»,- ասել է նախագահը:


Ավիաբազան Ատամբաևի որոշմամբ դուրս է հանվել երկրից 2014 թվականի հունիսին: