Դաղստանում առևանգել են քաղաքաշինության նախարարին՝ պահանջելով 70 մլն ռուբլի փրկագին
Դաղստանում առևանգել են երկրի քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանային ու կոմունալ ծառայությունների նախարարին: Պաշտոնյային ազատ արձակելու համար նրանք փրկագին են պահանջել: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:
«Քննության վարկածի համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 20-ին Մախաչկալա քաղաքում կասկածյալները, սպառնալով հրազենով, իրականացրել են նախարարի առևանգում՝ նպատակ ունենալով նրան ազատ արձակելու դիմաց խոշոր դրամական միջոցներ ստանալ», - ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հաջորդ օրը պահանջվող գումարի մի մասը (30 միլիոն ռուբլի) փոխանցելու ժամանակ ՆԳ նախարարության, ԱԴԾ-ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները ձերբակալել են տղամարդկանց, և նախարարն ազատ է արձակվել:
Dagestan.news-r.ru պորտալի տվյալների համաձայն՝ նախարարին ազատ արձակելու դիմաց հանցագործներն ի սկզբանե պահանջել են 70 միլիոն ռուբլի փրկագին:
Նշվում է, որ նախարարը 7 ժամ մնացել է պատանդի կարգավիճակում:










