Իսրայելական տանկը գրոհել է Գազայում «ՀԱՄԱՍ» խմբավորման դիրքը՝ ի պատասխան հրթիռակոծության
Իսրայելական տանկը գրոհել է Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» խմբավորման դիրքը՝ ի պատասխան մեկ օրվա ընթացքում երկրորդ հրթիռային հարվածի: Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է սահմանային ցանկապատի բաց տարածքում… Ի պատասխան՝ իսրայելական տանկը կրակ է բացել Գազայի հատվածի հարավում «ՀԱՄԱՍ» խմբավորմանը պատկանող դիրքի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Պաղեստինյան հրթիռը վնաս չի պատճառել՝ ընկնելով դատարկ տարածքում: Նախորդ հարվածը, որն իրականացվել էր կիրակի առավոտյան, նույնպես վնաս չէր պատճառել:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում և Արևմտյան ափին իրավիճակը լարվել է հուլիսի 14-ին Տաճարի լեռան տարածքից երեք իսրայելաբնակ արաբների հարձակումից հետո, որի հետևանքով երկու իսրայելցի ոստիկան էր զոհվել: Հարձակումից հետո իսրայելական իշխանությունները մետաղորսիչներ են տեղադրել Երուսաղեմի Հին քաղաքի ամենակարևոր կրոնական սրբավայրերից մեկի՝ Տաճարի լեռան վրա:
Արաբները զանգվածային աղոթքներ են կազմակերպել Երուսաղեմի փողոցներում՝ հրաժարվելով Տաճարի լեռան մզկիթների մոտ բարձրանալ անվտանգության նկատառումներով տեղադրված մետաղորսիչների միջով, և որոշ հատվածներում բախումներ են սկսվել Իսրայելի ոստիկանության հետ:
Առնվազն չորս պաղեստինցի է սպանվել, ավելի քան հարյուրը վիրավորվել է իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Իսրայելի երեք քաղաքացի է սպանվել Արևմտյան ափի Հալամիշ բնակավայրում պաղեստինցու կողմից իրականացված հարձակման հետևանքով, ով խոստովանել է, որ դա արել է Տաճարի լեռան շուրջ ստեղծված իրադարձություններից դրդված:
Ուրբաթ մետաղական դետեկտորների տեղադրման դեմ ցույցեր են կազմակերպվել նաև Գազայում, որտեղ մի քանի մարդ է վիրավորվել Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով:










