Պուտինի խոսնակը մեկնաբանել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն իր տարածքում տեղակայում է սեփական զինված ստորաբաժանումները՝ ստեղծվող իրավիճակի համապատասխան, հայտնում է gazeta.ru-ն:
«Ռուսաստանի Դաշնությունն ազատ է փոխել զինված ուժերի կոնֆիգուրացիան իր տարածքում՝ համապատասխան նրա, թե որքանով է դա նպատակահարմար»,- ասել է նա:
Պեսկովն այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք ճիշտ են հաղորդագրություններն առ այն, որ Ուկրաինայի հետ սահմանին ուժեղացվել է ռուսական զորքերի ներկայությունը: Նա խորհուրդ է տվել նաև դիմել Պաշտպանության նախարարությանը:
«Ինչ վերաբերում է կոնկրետությանը, ավելի լավ է այդ հարցն այս դեպքում հասցեագրել Պաշտպանության նախարարությունում գործընկերներին»,- հավելել է Պեսկովը:
Այն մասին, որ Ուկրաինայի հետ սահմանին Մոսկվան ուժեղացրել է ռազմական ներկայությունը երեք մոտոհրաձգային դիվիզիաներով, հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի ռազմածովային մշտական խմբի երկու նավ մտել է Օդեսայի նավահանգիստ: Քաղաք է ժամանել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի «Դունկան» ականակիրը և Թուրքիայի ռազմածովային ուժերի «Յըլդըրըմ» հածանավը: Օդեսայում նրանց հրամանատարությունը հանդիպելու է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոյի և իշխանության ներկայացուցիչների հետ: Զինվորականների տվյալներով՝ կկազմակերպվեն նաև ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ծովագնացների բարեկամական հանդիպումներ:
«Դունկան»-ի և «Յըլդըրըմ»-ի այցը տևելու է մինչև հուլիսի 27-ը:










