ԱՄՆ-ն գաղտնազերծել է Քենեդիի սպանության վերաբերյալ ՊԱԿ-ի գործակալի վկայությունները

10:27 • 25.07.17

ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված փաստաթղթեր, այդ թվում՝ Պետական անվտանգության կոմիտեի՝ КГБ-ի նախկին գործակալ Յուրի Նոսենկոյի վկայությունները: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային արխիվի կայքում:

Գաղտնազերծված նյութերի թվում առկա է Նոսենկոյի հարցազրույցներով 17 աուդիոֆայլ. գործակալն անցել է ԱՄՆ-ի կողմը 1964 թվականի հունվարին: Նոսենկոյի պնդմամբ՝ ինքը եղել է աշխատակից, որը պատասխանատու է եղել Քենեդիի սպանության գործով գլխավոր կասկածյալի՝ Լի Հարվի Օսվալդի պրոֆիլի համար, երբ վերջինս ԽՍՀՄ-ում է գտնվել: Հարցազրույցներն անցկացվել են 1964 թվականի հունվարին, փետրվարին և հուլիսին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ հրապարակվել է 3.810 փաստաթուղթ, որոնցում ներառված է ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի 441 փաստաթուղթ, որոնք ավելի վաղ ամբողջությամբ գաղտնի են եղել: Եվս 3.369-ը հրապարակվել են մասամբ կամ խմբագրված տեսքով:

Ավելի վաղ փաստաթղթերի հասանելիությունն արգելված է եղել՝ համաձայն 1992 թվականին Կոնգրեսի ընդունած օրենքի:

Ջոն Քենեդին գնդակահարվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում: