«Ես անմեղ եմ». 15-ամյա հանդբոլիստի սպանության համար դատապարտվածը դադարեցրել է հացադուլն ու հայտարարություն տարածել

13:13 • 25.07.17

15-ամյա հանդբոլիստի սպանության համար 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգուրցևը դադարեցրել է հացադուլը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Կունգուրցևը  դատավճռից հետո նույնպես մեղքը չի ընդունում և քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Հուլիսի 21-ին Կարեն Կունգուրցևը հացադուլ էր հայտարարել, որն արդեն դադարեցրել է: Պատճառն այն է, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում: Բացի դրանից՝ նա առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է, իսկ վերաքննիչ դատարանը քննության ընթացքում չի ներկայացրել որևէ նոր փաստ կամ ապացույց, որը կապացուցեր Կունգուրցևի մեղավորությունը, սակայն դատապարտել է 7 տարվա ազատազրկման»,- ասաց Պապիկյանը:

Պաշտպանը նաև հայտնեց, որ Կարեն Կունգուրցևը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է. «Իմ ապօրինի ազատազրկման մեղավորները վերաքննիչ դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանը, Մհեր Արղամանյանը և Մխիթար Պապոյանն են: Նրանք պատվերով խորտակում են իմ ճակատագիրը, թաքցնում են 15-ամյա Դավիթի սպանություն կատարողին, նրանք խորտակում են նաև իմ 2 ամսական Դավիթի ճակատագիրը: Ես անմեղ եմ, իրենք լավ գիտեն, բայց «մեղավոր եմ», որ չունեմ հովանավոր և կաշառքի փող»:

Նշենք, որ Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, թեև Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել էր Կարեն Կունգուրցևին և ազատ արձակել դատական նիստերի դահլիճից: