Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ-ում, այդ գործով քննվում է մեկ այլ բողոք ևս. Երվանդ Վարոսյան

14:38 • 25.07.17

ՀՀ քաղաքացի Արմեն Բադալյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  5-րդ հոդվածով նախատեսված՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման բողոքի հիման վրա ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Արմեն Բադալյանին որպես փոխհատուցում վճարել 3000 եվրո:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբաններից Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ բողոքը ներկայացրել են նաև փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը:

«Հայաստանի կառավարությանը ստիպված է լինելու Արմեն Բադալյանին որպես փոխհատուցում վճարել 3000 եվրո: Եվրոպական դատարանը 20.07.2017թ. կայացված որոշմամբ արձանագրել է Արմեն Բադալյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը։

2011թ. հուլիսի 22-ին Արմեն Բադալյանը տհաճ հեռախոսային խոսակցություն էր ունեցել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Մեծամորի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Ումուրշատյանի հետ։ Խոսակցության ընթացքում Ա.Բադալյանը քննիչի կողմից իր նախկին կնոջ հասցեին արված արտահայտությունից զայրացած հայհոյանքներ էր տվել նրան: Քանի որ Ա. Բադալյանի գործողությունները քրեորեն պատժելի չէին, իսկ քննիչի կողմից ձայնագրված խոսակցության ընթացքում էլ լսվում էին միայն վիրավորանքներ, քննչական բաժանմունքի 2 քննիչ ցուցմունք տվեցին, թե բարձրախոսով լսել են խոսակցության չձայնագրված հատվածը, թե իբր Ա.Բադալյանը ոչ միայն վիրավորել, այլ նաև սպառնալիքներ է տվել քննիչին»,-ասաց Վարոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ նպատակ է եղել հնչած վիրավորանքների համար վրեժ լուծել Արմեն Բադալյանից, սակայն ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ անձին չկատարած արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով։

Նշենք, որ հեռախոսային խոսակցության օրը նույն մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Արմեն Բադալյանը ձերբակալվել էր 2011 թվականի հուլիսի 23-ին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և նա կալանավորվել է:

«ՀՀ Արմավիրի մարզի դատարանի կողմից կայացված այս որոշման հիման վրա Ա. Բադալյանին անազատության մեջ պահելն է եվրոպական դատարանը համարել Եվրոպական Կոնվենցիայի խախտում:

Ներկա պահին եվրոպական դատարանում քննվում է այս գործով մեկ այլ բողոք, որը վերաբերում է Արմեն Բադալյանի՝ կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքների խախտմանը, այդ թվում` արդար դատաքննության իրավունքի»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ գործով ի սկզբանե Արմեն Բադալյանին պաշտպանում էր հանրային պաշտպան, ով, տեսնելով Ա. Բադալյանի նկատմամբ անձնական թշնամանքից դրդված իրավապահների վերաբերմունքը, գործը մի քանի անգամ քննարկել էր այն ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ, ով ի վերջո անձամբ ստանձնեց Բադալյանի պաշտպանությունը, այնուհետև գործով զբաղվել են ինքն ու Լուսինե Սահակյանը:

«Ցավոք, այսօր էլ մեր դատարանները անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց են ընտրում դրա հիմքերի բացակայության պայմաններում՝ օգտագործելով ստանդարտ շաբլոնային ձևակերպումներ»,-եզրափակեց Վարոսյանը։