Իսրայելը կհանի Տաճարի լեռան մոտ տեղադրված ու բողոքի ցույցերի պատճառ դարձած մետաղորսիչները
Իսրայելի իշխանությունները որոշել են հանել Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղորսիչները՝ դրանք փոխարինելով անվտանգության ապահովման այլ տեխնոլոգիաներով:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, անվտանգության նոր համակարգերի տեղադրման համար հատկացվելու է մոտ 24 մլն դոլար: Ըստ պաշտոնական տվյալների՝ մետաղորսիչները փոխարինվելու են դիմաճանաչողական գործառույթով համալրված տեսահսկման խցիկներով: Սակայն մինչ նոր համակարգերի ներդրումը՝ անվտանգությունն ապահովվելու է ոստիկանների թիվն ավելացնելու միջոցով:
Աղբյուրն ընդգծում է, որ մետաղորսիչները հանելու որոշումն ուրախացրել է պաղեստինցիներին, որոնք հարյուրներով հավաքվել են Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի մոտ՝ նշելու որոշումը:
Հիշեցնենք, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ևս քննադատել էր սրբազան լեռան վրա մետաղորսիչների տեղադրումը՝ նշելով, որ Իսրայելի հետ շփումները կսառեցվեն մինչև այդ երկրի կառավարությունը հրաժարվի մետաղորսիչների կիրառումից: Ի նշան բողոքի մուսուլմանները հրաժարվել են մզկիթ մտնել և աղոթել են փողոցներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Տաճարի լեռան մոտ հուլիսի ընթացքում մի շարք բախումներ են տեղի ունեցել արաբների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել: Հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակումից հետո Իսրայելը փակել է մուտքը դեպի Տաճարի լեռան մզկիթ, իսկ հավատացյալներին չեն թողել ներս մտնել:
Հավելենք, որ Տաճարի լեռը կարևորագույն սրբավայրերից է ինչպես հրեաների, այնպես էլ մուսուլմանների համար:












