Վարկ վերցնելու նպատակով «Տաշիր Կապիտալը» կգրավադրի ՀԷՑ-ի 69.9 տոկոսը
«Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը խնդրել է Հայաստանի Հանրապետության կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կանոնադրական կապիտալի 69,9 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար:
Tert.am-ը Կառավարության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ հարցը ներառված է հուլիսի 27-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում:
Գնորդը չպետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 67 տոկոս բաժնետոմսերը ծանրաբեռնի կամ օտարի առանց նախօրոք ստանալու Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը կլիազորվի ՀՀ կառավարության անունից ստորագրել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,9 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը:
Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:










