Եթե շարունակեք խոսել, այլ խափանման միջոց կկիրառվի, այստեղ ծիծաղելու բան չկա, հասկացա՞ք. ՊՊԾ գնդի գործով դատավորը` պաշտպաններին

15:21 • 26.07.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի քրեական գործի քննությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դատական նիստն այսօր մեկ ժամով ընդմիջվել էր պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի վարքագիծը քննելու և որոշում կայացնելու համար: Ըստ դատական կարգադրիչների՝ նրանք հրաժարվել են զննության ենթարկվելուց, իսկ դատավորները արձանագրություններին կից գրառել էին, որ զննությունը վերածում են խուզարկության:

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադարձավ, սակայն որոշումը չհրապարակած` դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի նկատմամբ, ով հրաժարվեց ջրի շիշը հանձնել ոստիկաններին: Դատավորը Եղնուկյանին տասը ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Որոշման դեմ առարկություններ ներկայացնել ցանկացող Տիգրան Հայրապետյանին դատավորը հնարավորություն չտվեց արտահայտվելու: Ավելին՝ արձանագրելով, որ առանց դատարանի թույլտվության պաշտպանը խոսում է՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտպանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու՝ երկրորդ անգամ ընդմիջելով դատական նիստը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտնեց, որ դատարանը որոշել է պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի և Տիգրան Հայրապետյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա պատասխանատվության ենթարկելու մասին դիմումով դիմելով Փաստաբանների պալատ:

Արայիկ Պապիկյանի հարցին, թե կարող է իմանալ դատական սանկցիայի ենթարկվելու պատճառը, դատավորն ասաց. «Դուք անհարգալից վերաբերմունք եք դրսևորել և չեք մտել դատական նիստերի դահլիճ: Համապատասխան արձանագրությունն ընթերցել եմ, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ»:

Նույն պատասխանը տրվեց նաև Արա Զաքարյանին, սակայն վերջինս ասաց, որ դատավորն ակնհայտորեն ապատեղեկացված է: Դատավորն Արա Զաքարյանին ընդհատեց, սակայն վերջինս շարունակեց միտքը՝ ասելով որ առարկություն ունի դատավորի որոշման վերաբերյալ: Դատավորը նախազգուշացրեց Արա Զաքարյանին, սակայն պաշտպանը պնդում էր, որ ինքն արտահայտվելու իրավունք ունի:

«Նորից եք շարունակում եք: Երեք անգամ ընդհատեցիք, սանկցիա նախազգուշացում, եթե շարունակեք խոսել այլ խափանման միջոց կկիրառվի: Սա բոլորիդ է վերաբերում, և այստեղ ծիծաղելու բան չկա, հասկացա՞ք: Եթե մյուս անգամ դուք էլ նման վարքագիծ դրսևորեք, նույնը կկիրառվի Ձեր նկատմամբ»,-ասաց Արտուշ Գաբրիելյանը:

Փաստաբանների դիտարկմանը, թե բառերը ճիշտ օգտագործեք, ասում եք՝ խափանման միջոց կընտրեք պաշտպանի նկատմամբ, իսկ նման բան չկա, դատավորն ասաց. «Կիրառել, կիրառել դատական սանկցիա»:

Այնուհետև դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Արա Զաքարյանի վարքագիծը քննելու և որոշում կայացնելու համար: Դատական նիստն ընդմիջվեց երրորդ անգամ: