Մադուրոն հանրահավաքի ժամանակ կրկին օգտագործել է հանրահայտ Despacito երգը՝ չնայած կատարողի բողոքին (տեսանյութ)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային հիմնադիր ժողովի ընտրություններին մասնակցելու կոչի համար կրկին օգտագործել է Despacito հանրահայտ երգը՝ չնայած դրա հեղինակ Լուիս Ֆոնսիի դժգոհությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ հուլիսի 23-ին փոփոխված տեքստով երգը հնչել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների կազմակերպած միջոցառման ժամանակ. նախագահը կոչ էր արել քաղաքացիներին մասնակցել ազգային հիմնադիր ժողովի ընտրություններին, որոնք կկայանան հուլիսի 30-ին:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, պուերտոռիկացի երաժիշտ Լուիս Ֆոնսիին զայրացրել է Վենեսուելայի իշխանությունների՝ երգը քաղաքական հանրահավաքների ժամանակ օգտագործելու որոշումը:
«Նրանք ցանկանում են Մայամիից արգելել Մադուրոյի տեսանյութը, որն արգելված է ամբողջ աշխարհում. իմպերիալիստական դիկտատուրա է, սա չի կարելի լսել, և այժմ այն հեռացնում են YouTube-ից, բոլոր տեղերից: Սա համաշխարհային հետապնդում է իմ դեմ, մեր դեմ: Որքան է սա շարունակվելու»,- ասել է Մադուրոն երգը կրկին միացնելուց առաջ:
Վենեսուելայում արդեն մի քանի ամիս շարունակվում է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության միջև դիմակայությունը: Դժգոհության պատճառ է դարձել խոր տնտեսական ճգնաժամը, որը ծագել է նավթի՝ գլխավոր արտահանվող ապրանքի գնի անկման ֆոնին: Երկրում անկարգությունները շարունակվում են ապրիլի սկզբից:
Հիշեցնենք, որ Լուիս Ֆոնսիի և Daddy Yankee-ի համատեղ ձայնագրած Despacito երգը հունվարին ներկայացվելուց ի վեր աշխարհի 45 երկրում գլխավորում է Billbaord-ի երաժշտական հիթ շքերթները։










