Ֆիլիպինների նախագահը սպառնացել է ռմբակոծել բնիկ ցեղերի դպրոցները

13:40 • 26.07.17

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրկին առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների անհանգստությունը, երբ սպառնացել է ռմբակոծել բնիկ ցեղերի դպրոցները:

Ինչպես նշում է The Guardian-ը, Դուտերտեն ասել է, որ այդ դպրոցներում երեխաներին սովորեցնում են կոմունիստ ապստամբներ դառնալ ու պայքարել կառավարության դեմ:

«Ես այդ դպրոցները կռմբակոծեմ, կօգտագործեմ Ֆիլիպինների զինված ուժերը, օդուժը: Ես իսկապես դրանք կռմբակոծեմ, որովհետև դրանք գործում են օրենքից դուրս ու երեխաներին սովորեցնում են կառավարության դեմ պայքարող ապստամբներ լինել»,-ասել է Դուտերտեն:

Իրավապաշտպան կազմակերպություններն անմիջապես արձագանքել են նախագահի սպառնալիքներին: Մասնավորապես՝ հեղինակավոր Human Rights Watch-ը նշել է, որ նման հարձակումը կդիտարկվի որպես պատերազմական հանցագործություն:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջերս կոմունիստ ապստամբները մի շարք հարձակումներ են գործել կառավարական ուժերի վրա՝ վիրավորելով նախագահի էլիտար պահակախմբի անդամներին: Դրանից հետո Դուտերտեն մաոիստ գրոհայիններին առաջարկել է խաղաղության շուրջ բանակցություններ սկսել: