Նովոսիբիրսկում դպրոցի վերանորոգման ժամանակ բանվորները պատի մեջ 1967թ. գրված ուղերձ են հայտնաբերել
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի թիվ 111 դպրոցի վերանորոգման ժամանակ բանվորները պատի մեջ հայտնաբերել են 1967 թվականին գրված ուղերձ, որի հեղինակները դպրոցականներ են: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնակատար Գալինա Դեժնևան:
«Մենք պլանավորում ենք կարդալ նամակը դպրոցում, այնուհետև, ամենայն հավանականությամբ, տեղադրել այն դպրոցի թանգարանում», - ասել է նա՝ նշելով, որ ներկայիս տնօրինությունը ոչինչ չի իմացել ուղերձի մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նամակը պարունակող պարկուճը որմնաշարվել է խորհրդային իշխանության 50-ամյակի թվականին և, գաղափարի համաձայն, այն պետք է բացվեր 1980 թվականին: Նամակում եղել է լավ սովորելու, ջարդոն հավաքելու, սպորտհրապարակի կառուցապատման և Վլադիմիր Լենինի կյանքի ուղին ուսումնասիրելու խոստում:
Նշվում է, որ նամակը գրվել է գրամեքենայով:










