Շվեյցարիայի ոստիկանությունը ձերբակալել է բենզասղոցով 5 հոգու վիրավորած տղամարդուն

03:41 • 26.07.17

Շվեյցարական ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին, ով երեկ բենզասղոցով վիրավորել էր 5 հոգու: Հանցագործը ձերբակալվել է Ցյուրիխում, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:


Տղամարդը մտել էր բուժապահովագրության գանձարկղի բաժանմունք ու հարձակվել հաստատության աշխատակիցների վրա։ 2 հոգի ծանր վիրավորում էր ստացել, իսկ չարագործին հաջողվել էր թաքնվել։

Ըստ իրավապահ մարմինների՝ խոսքն ամենևին ահաբեկչության մասին չէ, այլ տվյալ բուժապահովագրության գանձարկղի աշխատակիցների վրա դիտավորյալ հարձակման։


Հիշեցնենք, որ հանցագործը Շվեյցարիայի 51-ամյա քաղաքացի էր, որը տարիներ շարունակ ապրում է անտառում ու նախկինում արդեն դատված է եղել ապօրինի զենք կրելու համար: